Վինիլային սկավառակներից մինչև MP3. երաժշտական ալբոմների դիզայնը

Վինիլային սկավառակներից մինչև MP3. երաժշտական ալբոմների դիզայնը

8 min to read

Վինիլային սկավառակներից մինչև MP3. երաժշտական ալբոմների դիզայնը

*Նյութը խորհուրդ է տրվում  կարդալ սիրելի երաժշտական ալբոմը լսելով, քանի որ խոսելու ենք դրանց դիզայնի ստեղծման ու զարգացման պատմությունից։
Դե՝ ⏸ Play 🙂

Ե՞րբ սկսվեց ամեն ինչ
1920-30-ական թվականներին վինիլային սկավառակները դրվում էին սովորական, սպիտակ ծրարների մեջ, որոնց ետևի մասում միայն նշվում էր երգացանկը, իսկ դիզայնի առավելագույն արտահայտությունը երաժիշտի դիմանկարն էր։
Դրանք դիզայներական լուծումներ սկսեցին ստանալ այն բանից հետո, երբ «Columbia Records»-ի (ձայնագրման լեյբլ ԱՄՆ-ում) երիտասարդ դիզայներ Ալեքս Սթայնվայսը համոզեց տնօրինությանը, որ արտադրանքի փաթեթավորումը ևս կարևոր է։


Ընկերությունը ձեռք բերեց գունավոր տպագրության նոր սարքավորում, իսկ Ալեքսին թույլատրեց զբաղվել մի քանի հայտնի երաժշտական խմբերի ալբոմների շապիկների դիզայնով։ Դիզայներական լուծումներով շապիկները վաճառքի առաջին իսկ օրից անհավանական աճ աահովեցին։ Բեթհովենի 3-րդ սիմֆոնիայի՝ «Eroica»-ի, վաճառքը աճեց 895%-ով, իսկ այս ամենի «մեղավոր» Սթայնվայսը 7 տարի շարունակ աշխատեց «Columbia Records»-ի արտադրած բոլոր ալբոմների դիզայնների հետ՝ հատ առ հատ։

«Երբ ես սկսեցի աշխատել Columbia Records-ում, արդեն բավականաչափ տեղյակ էի երաժշտությունից․ տեղյակ էի Մոցարտից, Բեթհովենից ու Բրամսից․ զուգահեռ լսում էի ջազ ու ֆոլք, իսկ որպես վաճառքի մասնագետ՝ գնալով համոզվում էի, որ վինիլ գնողին ավելի շատ կհետաքրքրի դրա շապիկի աբստրակտ դիզայնը, քան Մոցարտի դիմանկարը։  Այդպես որոշեցի խորանալ ու հասկանալ՝ երբ ու ինչպես է ապրել երաժիշտը՝ երաժշտությունն արտահայտող շապիկ ստանալու համար»-Ալեքս Սթայնվայս

1950-ականներին լուսանկարչական բումն ու տեխնիկայի սրընթաց աճը կրճատեցին սկավառակների շապիկների համար իլյուստրացիաների օգտագործումը, բայց Սթայնվայսն ու այլ դիզայներներ ելքը գտան կոլաժներ և տիպոգրաֆիական հնարքներ օգտագործելու մեջ։ Ալեքսի մահից հետո դիզայներ Մայքլ Դրեթը ի հիշատակ նրա ստեղծեց Steinweiss Script Font տառատեսակը, որ հիշեցնում է Սթայնվայսի հեղինակային գեղագրությունը։

Ալբոմների դիզայնը՝ որպես 60-ականների արվեստ
Իլյուսրացիաները և գրաֆիկան կրկին դարձան նորաձև 60-ականներին։ Մելոմանները սիրելի խմբի ալբոմի ու երգերի հետ միասին սկսեցին քննարկել նաև դրանց շապիկի պատկերները և գնահատել դիզայնը, իսկ կատարողներն ու խմբերը սկսեցին համագործակցել ժամանակի ամենահայտնի դիզայներների ու նկարիչների հետ՝ լավագույն արդյունք ունենալու համար։ Օրինակ՝ The Beatles-ը համագործակցում էր Ռոջեր Դինի, Pink Floyd-ը Սթորմ Թորգերսոնի, Rolling Stones-ը Էնդի Ուորհոլի հետ և այլն։

Ալբոմների դիզայնը ԽՍՀՄ-ում
50-60-ականներին  Սովետական Միությունում երաժշտական վինիլային սկավառակների  արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերություններ կային, որոնք բոլորը 1964 թվականին միավորվեցին մեկ ընդհանուր՝  «Мелодия» ընկերության կազմում։ 70-ականների կեսերին  «Мелодия»-ն, ինչպես ժամանակին Columbia Records-ը, սկավառակները փաթեթավորում էր սպիտակ ծրարով, և կոլեկցիոներները, որոնք ապրում էին ԽՍՀՄ տարածքում, ոգեշնչվում էին արտասահմանյան ընկերությունների կատարած դիզայնով։ Բայց շուտով «Мелодия»-ն սկսեց շապիկների գունավոր արտադրությունը՝ օգտագործելով ֆոտոներ ու գրաֆիկական որոշ պատկերներ։ Ուղղակի ինչպես բոլոր հնարավոր ոլորտներում, այստեղ ևս ձևավորվեց հատուկ քննող կոմիտե, որ խիստ ստուգման էր ենթարկում դիզայնը՝ նախքան տպագրումը հաստատելը։ Բոլոր արտասահմանյան արտադրության վինիլները, որոնք հայտնվում էին «Мелодия»-ի ձեռքի տակ, վերափոխվում էին՝ լսարանին ներկայացվելով նոր՝ ստուգման փուլը հաղթահարած ձևավորումով։ Շապիկի վրայի գրվածքներն էլ բառացիորեն թարգմանվում կամ տառադարձվում էին ռուսերեն։

Ձայներիզների ու CD-ների  շրջանը
Ձայներիզները շրջանառության մեջ դրվեցին յոթանասունականների կեսին, բայց հետագա 20 տարիների ընթացքում դրանք զբաղեցրին արտադրության ընդամենը 1-4%-ը, քանի որ Երաժշտական խանութներում 1982թվականին հայտնվեցին առաջին CD-ները։ Դրանք փոխեցին դիզայներների աշխատանքը՝ սկավառակի տուփի չափերը հասցնելով 30×30 սմ կողմերով քառակուսու։
90-ականներին սկավառակների շապիկներին օգտագործվում էին ինչպես լուսանկարներ, այնպես էլ կոլաժներ, իլյուստրացիաներ ու մինիմալիստական գրաֆիկակակն աշխատանքներ, որոնց ոճը արդեն էականորեն կախված էր երաժշտության ժանրից և ոչ նորաձևությունից։  90-ականների սկզբին առաջին անգամ  Grammy-ի անվանակարգերի մեջ ավելացվեց «ալբոմի լավագույն ձևավորում»-ը։

Թվայնացումը
Թվային համակարգերի առաջ գալով՝ ալբոմների շապիկների նկարների չափսերը ավելի ու ավելի փոքրացան՝ հասնելով մի քանի սանտիմետրի ու «տեղավորվեցին» սմարթֆոնների, հավելվածների մեջ։ Դիզայներները հրաժարվեցին փոքր դետալներից և բարդ պատկերները, որպես ալբոմների շապիկ, դարձան բացառություն։ Մինիմալիստական պատկերները դարձան տիրապետող։

2021 թ.- Spotify Canvas ծրագիրը որպես ալբոմների շապիկի նորություն՝ առաջարկեց անիմացիոն պատկերների կիրառումը։ Այդպիսի ալբոմների շապիկներ արդեն օգտագործել են բազմաթիվ կատարողներ՝ Billie Eilish, Miley Cyrus, Coldplay, Kiiara, Post Malone և այլն։

Իսկ ինչի՞ց ոգեշնչվել՝ ալբոմի դիզայն ստեղծելու համար՝

*Դիտել դիզայներ Սթորմ Թորգերսոնի մասին պատմող դոկումենտալ ֆիլմը։ Նա հեղինակել է Pink Floyd-ի բոլորիս հայտնի ալբոմների դիզայնը։
https://skillbox.ru/upload/setka_images/17124815122021_3b7708faf9e65ed911a092d713c25e363002f0d0.jpg
*Հետևել բոլոր մրցույթներին, որ ունեն «Լավագույն ալբոմի դիզայն» ու նմանատիպ այլ անվանակարգեր․
ամերիկական՝ Grammy
կանադական՝ Juno Awards
ավստրալիական՝  Aria
բրիտանական՝ Art VInyl

*Մասնակցել Dribbble-ի երաժշտական ալբոմների ռեդիզայնի ամենամյա մրցույթին , կամ ուղղակի ինքնուրույն ռեդիզայն անել սիրելի երաժշտական ալբոմները՝ ստանալով ձեր պատկերացրածը:

Տիգրանուհի

Այլ նորություններ